1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնագրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ` Պարեկային ծառայություն) կողմից պարեկային ծառայության իրականացման կազմակերպման և իրականացման ձևերը, ինչպես նաև հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս, հանցագործություններն ու իրավախախտումները հայտնաբերելիս, կանխելիս, խափանելիս և բացահայտելիս,  քաղաքացիներին (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց) աջակցելիս և արտակարգ իրավիճակներում Պարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի (այսուհետ` պարեկային ծառայող) կողմից իրականացվող գործողությունները:

2. Պարեկային ծառայությունը կազմակերպվում է շուրջօրյա՝ Պարեկային ծառայության շարային ստորաբաժանումներից (գունդ, գումարտակ, վաշտ, դասակ և այլն) նշանակված պարեկային կարգախմբերի միջոցով՝ հերթափոխի սկզբունքով:

3. Ոստիկանության` օրենքով նախատեսված խնդիրներն իրականացնելիս պարեկային ծառայությունը`

1) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, հասարակական անվտանգությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունը,

2) իր իրավասության սահմաններում` հասարակական վայրերում հայտնաբերում, կանխում, խափանում, բացահայտում է հանցագործությունները,

3) ապահովում է քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կատարվող դատավարական գործողությունների և դրանց մասնակցող անձանց անվտանգությունը, այդ թվում հանցագործության դեպքի վայրի պահպանությունը,

4) իր իրավասության սահմաններում հասարակական վայրերում կանխում, հայտնաբերում, խափանում է ոստիկանության քննությանը ենթակա վարչական իրավախախտումները (այսուհետ` վարչական իրավախախտում) և կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

4. Պարեկային ծառայության գործունեության իրավական հիմքն են «Ոստիկանության մասին» ու «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայության կանոնադրությունը և այլ իրավական ակտեր:

5. Պարեկային ծառայության իրականացումը ոստիկանության խնդիրների կատարման եղանակներից է, որն ապահովվում է`

1) պարեկային ծառայողների կողմից իրենց տեղամասերում օպերատիվ իրավիճակի իմացությամբ, քաղաքացիների հետ սերտ համագործակցությամբ,

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները և օրինական շահերն այլոց ապօրինի միջամտություններից զերծ պահելով,

3) հանցագործությունների և վարչական իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի անմիջական հակազդման, դրանց կանխման ու խափանման ուղղությամբ պարեկային կարգախմբերի ակտիվ գործողություններով,

4) հանցագործության դեպքերով քրեական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող մարմիններին դատավարական գործողությունների կատարման ժամանակ ցուցաբերված աջակցությամբ,

5) ծառայողների արդյունավետ և ճիշտ տեղաբաշխմամբ, կարգախմբերի փոխհամագործակցության ու ղեկավարման համակարգի կատարելագործմամբ, ավտոտրանսպորտային և կապի միջոցների ճիշտ և նպատակային օգտագործմամբ,

6) ծառայության կազմակերպման գործում մարտավարական հնարքների և տեխնիկական միջոցների ներդրմամբ,

7) ոստիկանության մյուս ծառայությունների հետ անմիջական համագործակցությամբ,

8) պարեկային ծառայողների գործնական և բարոյական հատկանիշների նկատմամբ բարձր պահանջկոտության ցուցաբերմամբ, ծառայության նկատմամբ մշտական հսկողության կազմակերպմամբ,

9) երդմանը հավատարիմ մնալու, ծառայողական պարտքը կատարելու, մշտական պատրաստակամությամբ և անձնվիրությամբ հասարակական կարգի ապահովման համար պատասխանատվության բարձրացմամբ, իրավախախտների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքով, մասնագիտական որակավորման կատարելագործմամբ: